ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել

2026 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 18։45-ին, «Հրապարակ» կայքը հրապարակեց
«ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում» վերնագրով նյութ։
Հոդվածը սկսվում էր ԵՊՀ-ի կայքում հրապարակված գիտաժողովի
հայտարարությունից, սակայն մի քանի ժամվա ընթացքում այն հայտնվեց նաև այլ լրատվականների էջերում՝ հիմնականում նույն վերնագրով և գրեթե նույն բովանդակությամբ։
Առաջին հայացքից պատմությունը պարզ էր թվում․ Երևանի պետական համալսարանը կազմակերպում է Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով։ Սակայն սկզբնաղբյուրների ստուգումը ցույց է տալիս, որ իրական պատկերը էականորեն ավելի բարդ է։
Հարցն այն է՝ ի՞նչ էր իրականում հայտարարել ԵՊՀ-ն, ո՞վ էր կազմակերպում գիտաժողովը, ինչի՞ն էր այն նվիրված, և ինչպե՞ս այդ տեղեկությունը ներկայացվեց հանրությանը։
Ի՞նչ էր հրապարակել ԵՊՀ-ն.
ԵՊՀ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ American Research Institute of the South Caucasus-ը (ARISC) կազմակերպում է իր հիմնադրման 20-ամյակին նվիրված առցանց գիտաժողով։ Գիտաժողովը նախատեսված է 2026
թվականի սեպտեմբերի 17-19-ը։
Հայտարարության մեջ գիտաժողովի թեման ձևակերպված է բավական հստակ․ այն վերաբերում է Հարավային Կովկասի պատմությանը, քաղաքականությանը, մշակույթին և հասարակությանը՝ առանձնահատուկ ուշադրությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի նկատմամբ։ Հայտարարությունը նաև նշում է, որ մասնակցության հայտերը կարող են ներկայացնել դասախոսները, անկախ
հետազոտողները, ասպիրանտներն ու բակալավրիատի ուսանողները։
Այսինքն՝ սկզբնաղբյուրում չկա ձևակերպում, թե գիտաժողովը նվիրված է միայն Ադրբեջանի պատմությանը։Ավելին՝ ԵՊՀ-ի հայտարարության մեջ այն ներկայացված է որպես ARISC-ի կազմակերպած գիտաժողով։ ԵՊՀ-ն հանդես է գալիս որպես այն հարթակը, որտեղ հրապարակվել է մասնակցության հրավերը։
Իսկ ո՞վ է ARISC-ը
ARISC-ը՝ American Research Institute of the South Caucasus, ամերիկյան հետազոտական կազմակերպություն է, որի պաշտոնական կայքում այն բնութագրվում է որպես անկախ, ոչ առևտրային American Overseas Research Center։ Կազմակերպությունը զբաղվում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վերաբերյալ գիտական հետազոտությունների աջակցությամբ և ունի ներկայացուցիչներ Երևանում, Բաքվում և Թբիլիսիում։
Կազմակերպության պաշտոնական տվյալներով՝ այն ստեղծվել է 2006 թվականին, իսկ 2007 թվականին ստացել է ԱՄՆ-ում 501(c)(3) ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։ ARISC-ը նաև անդամակցում է Council of American Overseas Research Centers-ին և հանդիսանում է Association for Slavic, East European and Eurasian Studies-ի affiliate organization ( փոխկապակցված կազմակերպություն է)։
ARISC-ի պաշտոնական կայքում 2026 թվականը ներկայացված է որպես կազմակերպության 20-ամյակի տարի։ Կազմակերպության հրապարակած միջոցառումների ցանկում նույն գիտաժողովը նշված է որպես «Celebrating 20 Years of ARISC: Approaches and Directions in the Study of the South Caucasus» և նախատեսված է սեպտեմբերի 17-19-ին՝ առցանց ձևաչափով։
Այս տվյալները կարևոր են մեկ պատճառով․ դրանք ցույց են տալիս, որ խոսքը նոր ստեղծված կամ մեկ կոնկրետ քաղաքական նպատակով ստեղծված նախաձեռնության մասին չէ։ ARISC-ը տարիներ շարունակ գործող հետազոտական կազմակերպություն է, որի գործունեության աշխարհագրական շրջանակը հենց Հարավային Կովկասն է։
Իսկ «Հրապարակը» ի՞նչ էր գրել
Օգոստոսի 12-ին հրապարակված հոդվածում «Հրապարակը» սկզբում ճիշտ է փոխանցում գիտաժողովի հայտարարության մի մասը՝ նշելով, որ այն վերաբերում է
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատմությանը, քաղաքականությանը, մշակույթին և հասարակությանը։
Սակայն վերնագիրը ձևակերպված էր՝ «ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում»։Այստեղ արդեն առաջանում է առաջին էական խնդիրը։
Գիտաժողովի պաշտոնական նկարագրությունը վերաբերում է ամբողջ Հարավային Կովկասին, մինչդեռ վերնագիրը առանձնացնում է միայն Ադրբեջանը և միաժամանակ գիտաժողովը կապում է անմիջապես ԵՊՀ-ի հետ։
Սա փաստի ամբողջական հերքում չէ, քանի որ Ադրբեջանի թեման իսկապես ներառված է գիտաժողովի շրջանակում։ Սակայն այն փոխում է շեշտադրումը․ ընթերցողը վերնագրից կարող է հասկանալ, որ ԵՊՀ-ն հատուկ Ադրբեջանի պատմությանը նվիրված միջոցառում է կազմակերպել։Իսկ սկզբնաղբյուրը դա չի ասում։
Իսկ ո՞վ է կազմակերպիչը.
«Հրապարակը» գրել էր, որ ARISC-ը «գործում է ԵՊՀ կազմում»։ ԵՊՀ-ն օգոստոսի 14-ին տարածած պարզաբանման մեջ հենց այս պնդումն է հերքել՝ նշելով, որ ARISC-ը ԵՊՀ-ի կազմում գործող կառույց չէ, այլ անկախ ամերիկյան ոչ առևտրային
հետազոտական կազմակերպություն է։
Այս պնդումը հաստատելու համար մենք ստուգեցինք ոչ միայն ԵՊՀ-ի պարզաբանումը, այլ նաև ARISC-ի պաշտոնական աղբյուրները։ Դրանք ARISC-ին ներկայացնում են որպես անկախ ոչ առևտրային կազմակերպություն և որպես American Overseas Research Center ( Ամերիկյան արտերկրյա հետազոտական կենտրոն)։
Կազմակերպության պաշտոնական կայքում ԵՊՀ-ն ներկայացված չէ որպես այն կառույց, որի կազմում ARISC-ը գործում է։
Հետևաբար «ARISC-ը գործում է ԵՊՀ կազմում» ձևակերպումը, առնվազն ARISC-ի սեփական պաշտոնական նկարագրության հետ համադրելու դեպքում, չի հաստատվում։
Հասկանանք, թե ԵՊՀ-ն ինչո՞ւ էր հայտարարությունը հրապարակել
Այստեղ ևս պետք է տարբերակել երկու բան՝ կազմակերպել միջոցառումը և հրապարակել դրա մասին հայտարարությունը։
ԵՊՀ-ի կայքում հրապարակված նյութը վերնագրված է որպես «Invitation to Online Conference: American Research Institute of the South Caucasus»։ Տեքստում ուղղակիորեն նշվում է, որ ARISC-ն է հայտարարում իր 20-ամյակին նվիրված առցանց գիտաժողովի մասին։ Այսինքն՝ ԵՊՀ-ի կայքում հայտարարության առկայությունը ինքնին դեռ չի նշանակում, որ ԵՊՀ-ն է գիտաժողովի կազմակերպիչը։Սա հենց այն կետն է, որտեղ լրատվական հրապարակման ձևակերպումը կարող է փոխել սկզբնական տեղեկության ընկալումը։
«Հրապարակ»-ի նյութը գիտաժողովի մասին տեղեկությունից հետո անցնում է քաղաքական մեկնաբանության։
Հոդվածում ԵՊՀ-ն բնութագրվում է որպես «ՔՊ-ին կից կառույց», իսկ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գործողությունները ներկայացվում են որպես իշխանությունների «աչքը մտնելու» փորձ։ Գիտաժողովը կապվում է նաև
«պրոադրբեջանական գաղափարների» առաջմղման հետ։
Սակայն այս պնդումների համար հոդվածում չեն ներկայացվում փաստաթղթեր կամ այլ ստուգելի ապացույցներ, որոնք ցույց կտային, որ գիտաժողովի կազմակերպման պատճառը հենց իշխանությունների քաղաքական շահն է կամ որ այն կազմակերպվել է Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումները պաշտպանելու նպատակով։
Այդ պատճառով այստեղ արդեն գործ ունենք ոչ թե նույն մակարդակի փաստական տեղեկության, այլ քաղաքական մեկնաբանության և ենթադրության հետ։
Հատկապես կարևոր է այն, որ գիտաժողովում Ադրբեջանի պատմության կամ մշակույթի ուսումնասիրության առկայությունը ինքնին չի ապացուցում Ադրբեջանի քաղաքականության աջակցությունը։
Գիտական միջոցառման թեման կարող է լինել ցանկացած երկիր, հակամարտություն կամ քաղաքական գործընթաց։ Ուսումնասիրության առարկա լինելը և այդ առարկայի քաղաքական դիրքորոշումները պաշտպանելը նույն բաները չեն։
ԵՊՀ-ն արձագանքեց երկու օր անց։ Օգոստոսի 14-ին ԵՊՀ-ն պաշտոնապես արձագանքեց «Հրապարակ»-ի հրապարակմանը։
Համալսարանը հայտարարեց, որ Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով չի կազմակերպում, իսկ իր կայքում պարզապես հրապարակվել է ARISC-ի կազմակերպած առցանց գիտաժողովի մասնակցության հրավերը։
ԵՊՀ-ն նաև առանձնացրեց գիտաժողովի իրական թեմատիկ շրջանակը՝ Հարավային Կովկասի պատմություն, քաղաքականություն, մշակույթ և հասարակություն։
Պարզաբանման ամենաուշագրավ հատվածներից մեկը վերաբերում էր փաստերի և
ենթադրությունների տարբերությանը։ Համալսարանը հայտարարության քաղաքական հատվածը ներկայացրեց որպես ենթադրություն և փաստերի փոխարեն
ենթադրություններ տարածելու խնդիր բարձրացրեց։
Այսպիսով, ԵՊՀ-ի արձագանքը փաստացի փորձ էր նույն պատմությունը վերադարձնել սկզբնաղբյուրի ամբողջական կոնտեքստին։ Բայց մինչ այդ պատմությունն արդեն տարածվել էր
Այստեղ դեպքը հետաքրքիր է նաև մեդիայի տարածման տեսանկյունից։ Օգոստոսի 12-ին՝ «Հրապարակ»-ի հրապարակումից հետո, նույն նյութը հայտնվում է մի շարք այլ լրատվականների կայքերում։
Բաց որոնմամբ մենք գտանք առնվազն հետևյալ հրապարակումները կամ վերահրապարակումները.
«Երկիր» — օգոստոսի 12-ին, ժամը 20։18-ին, հրապարակեց նույն պատմությունը՝
«ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում․ «Հրապարակ»» վերնագրով։
ArmDay — օգոստոսի 12-ին, ժամը 20։51-ին, վերահրապարակեց նույն նյութը՝ հղում անելով «Հրապարակին»։
Hayeli.am — օգոստոսի 12-ին, ժամը 20։42-ին, նույն վերնագրով տարածեց նյութը՝ նշելով, որ տեղեկությունը «Հրապարակ»-ինն է։
Yerevan Today — օգոստոսի 12-ին տարածեց նույն պատմությունը՝ կրկին հղումով
«Հրապարակին»։
Newszone — նույնպես վերահրապարակեց «Հրապարակ»-ի նյութը՝ նույն հիմնական ձևակերպումներով։
Իրավունք — օգոստոսի 13-ին հրապարակեց նյութը՝ նշելով «Հրապարակ»-ը որպես սկզբնաղբյուր։
«Ազգ» — օգոստոսի 13-ին նույնպես հրապարակեց «Հրապարակ»-ի նյութը։
Verelq — օգոստոսի 13-ին հրապարակեց նույն պատմությունը՝ «Հրապարակ»-ի հղումով։
Lrahos — նույնպես հրապարակել է նույն վերնագրով նյութը՝ սկզբնաղբյուրը նշելով
«Hraparak.am»։
Այսինքն՝ բաց որոնմամբ հնարավոր է նույն բովանդակության առնվազն ինը տարածող էջ նույնականացնել՝ բացի սկզբնական «Հրապարակ»-ից։
Սա, սակայն, չի նշանակում, որ դրանք բոլորը սեփական լրագրողական նյութ են պատրաստել։ Հակառակը՝ մի շարք դեպքերում հրապարակումները բացահայտորեն նշում են, որ նյութը վերցված է «Հրապարակ»-ից։

Իսկ ինչպե՞ս է աշխատել տարածման մեխանիզմը
Այս դեպքը ցույց է տալիս տեղեկատվական շղթայի բավական տարածված մեխանիզմ։
Առաջին լրատվականը հրապարակում է ուժեղ և քաղաքական ենթատեքստ ունեցող վերնագիր։Մյուս կայքերը վերցնում են նույն նյութը՝ հաճախ առանց սկզբնաղբյուրի առանձին ստուգման։
Արդյունքում նույն պնդումը հայտնվում է տարբեր կայքերում։
Ընթերցողի համար արդեն ստեղծվում է «մի քանի լրատվականներ նույն բանն են գրել» տպավորությունը։ Բայց իրականում դա կարող է լինել ոչ թե ինը անկախ լրագրողական աղբյուրի հաստատում, այլ մեկ սկզբնական հրապարակման բազմակի վերահրապարակում։
Այս տարբերությունը հատկապես կարևոր է fact-check-ի ( փաստերի ստուգման) ժամանակ։
Եթե տասը կայք նույն տեղեկությունը տարածում են, բայց բոլորն էլ հղում են կատարում մեկ սկզբնական հրապարակման, մենք իրականում գործ ունենք ոչ թե տասը անկախ հաստատումների, այլ մեկ չստուգված կամ վիճելի պնդման բազմապատկման հետ։
Իսկ ո՞ր մասն է իրական, ո՞րը՝ մոլորեցնող
Այս պատմության մեջ կարևոր է չգնալ «ամեն ինչ սուտ էր» կամ «ամեն ինչ ճիշտ էր» ծայրահեղությունների։Իրական փաստ է, որ ARISC-ը 2026 թվականին իր 20-ամյակին նվիրված գիտաժողով է կազմակերպում։Իրական փաստ է, որ գիտաժողովի թեմաների մեջ ներառված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը։Իրական փաստ է, որ ԵՊՀ-ի կայքում այդ գիտաժողովի մասնակցության հրավերը հրապարակվել է։Բայց չի հաստատվում այն ներկայացումը, թե գիտաժողովը բացառապես Ադրբեջանի պատմությանը նվիրված է։
Նույնպես պաշտոնական աղբյուրների հետ չի համընկնում այն ներկայացումը, թե ARISC-ը ԵՊՀ-ի կազմում գործող կառույց է։ ARISC-ի սեփական կայքը այն ներկայացնում է որպես անկախ ամերիկյան ոչ առևտրային հետազոտական կենտրոն։
Իսկ ԵՊՀ-ի՝ «ՔՊ-ին կից կառույց» լինելու, ռեկտորի՝ իշխանությունների «աչքը մտնելու» և գիտաժողովի միջոցով «պրոադրբեջանական գաղափարներ» առաջ տանելու մասին պնդումները հոդվածում ներկայացված են որպես քաղաքական գնահատականներ, որոնց համար հրապարակման մեջ բավարար փաստական հիմնավորում չի ներկայացվում։
Այս պատմության ամենակարևոր խնդիրը, հետևաբար, միայն մեկ սխալ ձևակերպումը չէ։Խնդիրը կոնտեքստի փոփոխությունն է։
Սկզբնական հայտարարությունը խոսում էր Հարավային Կովկասի երեք երկրների պատմության, քաղաքականության, մշակույթի և հասարակության մասին։ Լրատվական վերնագիրը այդ լայն թեմայից առանձնացրեց միայն Ադրբեջանը և այն կապեց անմիջապես ԵՊՀ-ի հետ։ Այնուհետև այդ տեղեկությանը միացվեց քաղաքական մեկնաբանություն, իսկ հետո նույն նյութը տարածվեց այլ լրատվականներով։Արդյունքում ընթերցողին հասնող պատմությունը դարձավ ավելի պարզ, ավելի սուր և ավելի քաղաքական, քան սկզբնական փաստը։
Եվ հենց այստեղ է փաստերի ստուգման հիմնական հարցը․ արդյո՞ք հրապարակման վերնագիրը և քաղաքական եզրակացությունները արտացոլում էին սկզբնաղբյուրի ամբողջական բովանդակությունը։
Այս ստուգման արդյունքում պատասխանը՝ ոչ ամբողջությամբ։ Գիտաժողովն իրականում կա։ Ադրբեջանն իսկապես դրա ուսումնասիրման
շրջանակում է։ ԵՊՀ-ն իսկապես իր կայքում հրապարակել է դրա մասնակցության
հրավերը։ Բայց դրանից չի հետևում, որ ԵՊՀ-ն կազմակերպել է բացառապես Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով, առավել ևս՝ որ այդ գիտաժողովը կազմակերպվել է իշխանությունների «պրոադրբեջանական» քաղաքականությունը առաջ տանելու համար։
Այս դեպքը նաև ցույց է տալիս ապատեղեկատվության կամ մոլորեցնող
տեղեկատվության տարածման մեկ այլ կարևոր առանձնահատկություն․ երբեմն կեղծ պատմությունը չի ստեղծվում ամբողջությամբ հորինված փաստից։ Այն կարող է կառուցվել իրական փաստերի ընտրության, շեշտադրման և կոնտեքստից դուրս ներկայացման միջոցով։
Այդպիսի դեպքում ընթերցողին մոլորեցնելու համար անհրաժեշտ չէ իրականությունը ամբողջությամբ փոխել․ բավական է փոխել այն հարցը, թե ինչն է դրվում առաջին
պլանում։
Այս պատմության մեջ առաջին պլան մղվեց «Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողովը», մինչդեռ սկզբնաղբյուրում խոսքը Հարավային Կովկասի երեք երկրների ուսումնասիրության մասին էր։
Լրագրող՝ Սարգիս Ասատրյան
Նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում
#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactcheck
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ
Աղբյուր: ishrarmenia.am


Leave A Comment