Դասընթացի քննարկման նյութը Ապատեղեկատվությունն էր, և նրա տարբեր դրսևորումները ԶԼՄ-ներում։

Թեմայի գլխավոր բանախոսը միջազգային լրագրող, https://mitk.am/ ,  ԱՄՆ/ԵՄ տիրույթում տարածվող, անգլալեզու https://JazzBluesNews.com և https://JazzBlues.EU  կայքերի հիմնադիր և հեղինակ՝   Սիմոն Սարգսյանն էր։

Թեման, թվում է, հանրահայտ  է, ու բազմիցս քննարկված, սակայն իրականում ապատեղեկատվությունը ճանաչելու,  դրա ազդեցության զոհը չդառնալու համար պետք է զինված լինել գիտելիքներով, ունենալ կեղծիքը զանազանելու հմտություններ։

Քանի որ դասընթացը ուսուցողական բնույթ ունի՝  և կարող է հանդիսանալ ապատեղեկատվությունից խուսափելու միջոց՝ ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ՝ թեմայով հետաքրքրված լայն հանրության համար, նպատակահարմար ենք համարում դասախոսությունից որոշ, արմատական նշանակություն ունեցող հատվածներ, մեջբերել։

Նախ, բանախոսը ներկայացրեց ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային մեխանիզմները, կարևորելով՝ գործող հանրամատչելի մի քանի հարթակ։

<<2017 թ.-ին Եվրոպական միությունը գործարկեց euvsdisinfo.eu ռեսուրսը՝ Ռուսաստանի կողմից տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Այն վարվում է երեք լեզվով` անգլերեն, ռուսերեն և գերմաներեն: Կայքն ունի ապատեղեկատվության տվյալների շտեմարան, որում հավաքվել է մոտ 8 հազար օրինակ (2015 թ.-ից ի վեր):

Ապատեղեկատվական հաղորդագրությունների կեսի թիրախում  Խորհրդային Միությանը նախկինում մաս կազմած վեց երկրներ են. Ադրբեջան (31), Հայաստան (80), Մոլդովա (132), Բելառուս (252), Վրաստան (345), Ուկրաինա (3193): Հենց նրանց է Ռուսաստանն արդեն երկար ժամանակ ցանկանում պահել իր ազդեցության ուղեծրում:

Այս երկրների դեմ կիրառված ապատեղեկատվության օրինակներից շատերն ուղղված են խուճապի սրմանը, ներքաղաքական իրավիճակի խաթարմանը, ահաբեկմանը կամ ռազմական լարվածության թեժացմանը (Ուկրաինայի դեպքում): Ուղերձները հաճախ պարզապես անհեթեթ են թվում, հաճախ էլ ունեն բացահայտ ստի կամ շրջադարձված տեղեկատվության տեսք: Բայց դրանից դրանց արդյունավետությունը չի նվազում>>։

«Ապատեղեկատվության ամենաբարձր մակարդակի հետ Ուկրաինան առնչվել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Դոնբաս ներխուժման ժամանակ: Դրանք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հիբրիդային քարոզչական գործիքներ էին», – ասում է ուկրաինական «Сегодня» առցանց լրատվամիջոցի քաղաքական մեկնաբան Կրիստինա Զելենյուկը:

Հայաստանցի մեդիափորձագետ Սամվել Մարտիրրոսյանի խոսքով, ապատեղեկատվության շուկան չափազանց մեծ է, և այնտեղ աշխատում են լավ մասնագետներ, ովքեր անընդհատ մարդկանց մանիպուլացման նոր գործիքներ ու մեթոդներ են փնտրում:

«Այսօր հնարավոր է ժամերի ընթացքում խուճապ տարածել՝ օգտագործելով սոցիալական ցանցերը: Տեղեկատվությունն այնքան արագ է տարածվում, որ մարդկանց համար գրեթե անհնար է նույնականացնել ապատեղեկատվությունը», – ասում է Սամվելը:

2020 թ.-ի մարտին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հրապարակեց հատուկ զեկույց՝ «Ապատեղեկատվություն կորինավիրուսի վերաբերյալ» վերտառությամբ, որում առանձին բաժնով ներկայացված է «կրեմլամետ ապատեղեկատվությունը»:

Միայն փետրվար-մարտ ամիսներին EUvsDisinfo ռեսուրսի տվյալների շտեմարանում գրանցվել է ռուսամետ լրատվամիջոցների կողմից տարածված կորոնավիրուսային ապատեղեկատվության ավելի քան 110 օրինակ: Այս օրինակները համապատասխանում են Կրեմլի ավանդական ռազմավարությանը, այն է՝ սերմանել անվստահություն և քաոս, խորացնել հասարակության շրջանում մտահոգություն առաջացնող ճգնաժամային իրավիճակներն ու հիմնախնդիրները: Ընդ որում, ռուսաստանյան լսարանի համար նախատեսված ապատեղեկատվությամբ վիրուսը որակվում էր որպես արտաքին ագրեսիայի ձև՝ պնդելով, որ կորոնավիրուսը սկիզբ է առել գաղտնի ամերիկյան կամ արևմտյան լաբորատորիաներից: Միջազգային լսարանի համար նախատեսված ապատեղեկատվությունը կենտրոնացած էր «համաշխարհային էլիտաների» վերաբերյալ դավադրության տեսությունների վրա, որոնք նպատակաուղղված կերպով վիրուսն օգտագործում են որպես զենք՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին:

Ի՞ՆՉ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

<<Ապատեղեկատվությունը կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվության դիտավորյալ տարածումն է՝ խաբեության կամ մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով, սակայն բուն նպատակները կարող են բազմազան լինել՝ սկսած քաղաքական և սոցիալական ազդեցություններից մինչև ֆինանսական խարդախություններ>>:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ․

ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ

Կեղծ լուրերը ստեղծվում են իրականին քողարկելու, խուճապ ստեղծելու և այլնի համար, քանի որ մեծ քանակի լուրերը, որոնցից շատերը իրար հակասում են, ստեղծում են ինֆորմացիոն քաոս և այն մարդը՝ ով չունի բավարար գիտելիքներ և հմտություններ տեղեկատվությունը ֆիլտրելու, ճիշտը սխալից տարբերելու համար, հայտնվում է փակուղու մեջ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԵՂԾՈՒՄ

Շատ ենք հանդիպում լուսանկարների, որոնք կեղծված են կամ մոնտաժված տեսանյութերի։ «Ես կհավատամ միայն աչքիս տեսածին», երբ մարդ ինչոր իրադարձություն տեսնում է իր աչքերով, ոչ թե կարդում է այն, հավատալու շանսերը ավելի մեծ են, քանի որ մարդը ոչ լսում է՝ ինչպես են իրեն պատմում, ոչ էլ կարդում է դրա մասին, նա իսկապես տեսնում է այդ դրվագները, սակայն 21-րդ դարում բազմազան գործիքների ի հայտ գալը կասկածի տակ է դնում շատ նկարներ ու տեսանյութեր, քանի որ դրանք կեղծելը դժվար չէ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականության, ինչպես և մյուս բոլոր ոլորտներում օգտագործում են կեղծ տեղեկատվություն հասարակական կարծիքը շահարկելու համար։

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Միշտ ստուգեք ստացած տեղեկատվության սկզբնաղբյուրը և համոզվելու համար այցելեք այդ հավաստի աղնբուրը՝ համոզվելու համար, տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, քանի որ շատ հաճախ հանրության կողմից վստահելի անձանց, կազմակերպությունների և պետական ենթակառուցվածքների անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում։

Բարձրացրեք Ձեր մեդիագրագիտության մակարդակը և սովորե՛ք տարբերել ճիշտը տեղեկատվությունը կեղծից։

Զգույշ եղեք համացանցում, մի բացահայտեք անձնական տվյալները և ուշադիր եղեք կասկածելի հղումների նկատմամբ։ Մեր Արցախի հայրենակիցներին օգնելու նպատակով տեղեկատվական դաշտում ահռելի քանակի անձնական տվյալներ են հայտնվել, ինչը և կարող է օգտագործվել թշնամու կողմից։

Շատերը կարծում են, որ ապատեղեկատվության մասին խոսելն այլեւս արդիական չէ, քանի որ հասարակության այն հատվածը, որ հավատում է դրան, գնալով պակասում է։ Իրականում այս կարծիքը իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, որովհետեւ նույնիսկ փաստեր ստուգող մասնագետները միշտ չէ, որ միանգամից կարողանում են տարբերել ճիշտ տեղեկությունը կեղծից։

Այլմոլորակայինների, մարդագայլերի կամ երկրի տափակ լինելու մասին պատմությունները ապատեղեկատվության խիստ պարզունակ օրինակներ են եւ վաղուց արդեն չեն կիրառվում։ Այսօր տարածվող ապատեղեկատվությունը հիմնականում շատ հաջող փաթեթավորվում է որպես արժանահավատ եւ ճշմարիտ տեղեկություն, հետեւաբար այն բացահայտելու համար անհրաժեշտ են որոշ հմտություններ։

Կեղծ տեղեկություն տարածելու համար մարդիկ շատ տարբեր նպատակներ ունեն։ Ոմանք դա անում են գումար աշխատելու համար, ուրիշները փորձում են մանիպուլացնել մարդկանց, ազդել նրանց որոշումների վրա, տարածել իրենց ձեռնտու գաղափարները եւ այլն։

Դեզինֆորմացիայի բավականին տարածված տեսակ է քլիքբեյթը (clickbait)։ Սենսացիոն պատմություններ, շոկային լուսանկարներ․ այն ամենը, ինչ ընթերցողին կստիպի սեղմել նյութի վրա ու գնալ կայք։ Այս տարբերակն օգտագործվում է հնարավորինս շատ գովազդատուներ ներգրավելու համար։ Որքան շատ են կայք այցելությունները, այնքան ապրանքանիշը շահգրգռված է տվյալ կայքում գովազդներ տեղադրելու։ Այս նպատակով օրական ստեղծվում են բազմաթիվ սունկ կայքեր։ Որպես կանոն, դրանք իրենց նպատակին ծառայելուց հետո ջնջվում են եւ փոխարինվում նորերով։

Ապատեղեկատվություն տարածողների առաջին շարքերում են քաղաքական, քաղաքացիական, հասարակական կամ այլ խմբերը։ Այս դեպքում նրանց նպատակը մարդկանց մանիպուլացնելու, թյուր տեղեկություններ հրապարակելու միջոցով իրենց ձեռնտու ինֆորմացիայի եւ գաղափարների տարածումն է, այլ կերպ ասած՝ պրոպագանդան։ Հատկապես այն ուժերը, որոնք ֆինանսական լայն հնարավորություններ ունեն, կարող են իրենց թույլ տալ մեկ կամ մի քանի մեդիա կազմակերպություններ հիմնել, որոնք էլ դառնում են այն խողովակը, որի միջոցով տվյալ ուժը հաղորդում է իրեն հարմար ինֆորմացիան։

Հայաստանում նմանօրինակ լրատվամիջոցները բազմաթիվ են, եւ հաճախ որեւէ հեռուստաալիք կամ լրատվական կայք ասոցացվում է կոնկրետ քաղաքական ուժի հետ։ Այդպիսի մեդիաները երբեւէ չեն կարող համարվել անկախ, լինեն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւից։ Ցանկացած կանխակալ ինֆորմացիա, որը դուրս է համատեքստից կամ խեղաթյուրված է՝ հօգուտ հրապարակողի, համարվում է ապատեղեկատվություն։ Նման լրատվամիջոցները հատկապես ակտիվություն են դրսեւորում կարեւոր քաղաքական իրադարձությունների ֆոնին եւ իրենց պիկին հասնում ընտրությունների ժամանակ։

Ապատեղեկատվության մի հետաքրքիր տեսակ էլ երգիծանք եւ հումոր պարունակող բովանդակությունն է։ Ի տարբերություն դեզինֆորմացիայի այլ տեսակների՝ սա մարդկանց մոլորեցնելու դիտավորություն չունի։ Սատիրայի միջոցով հեղինակները ծաղրում են տարբեր երեւույթներ, իրադարձություններ կամ որ հաճախ պատահում է՝ քաղաքական գործիչների։ Չնայած այս ամենին, երբեմն մարդիկ նման տեղեկությունները լուրջ են ընդունում եւ տարածում են։ Մեր օրերում, սակայն, քաղաքական գործիչները հաճախ են այնպիսի անհեթեթություններ ասում, որ իսկապես դժվար է տարբերել՝ երգիծա՞նք է, թե՞ այդպիսի բան իրոք ասվել է>>

Դասախոսությունը  ուղեկցվում էր ակտիվ քննարկումներով, Մեդիա խմբի մասնակիցները իրենց տեսկետներն էին հայտնում՝ ապատեղեկատվության այս կամ այն դրսևորման վերաբերյալ։

<< Ապատեղեկատվության դրսեւորում է նաև փաստերը ոչ դիտավորյալ սխալ ներկայացնելը։ Անգլերենում այն կոչվում է միսինֆորմացիա (misinformation)։ Հոդվածներ կամ ընթացիկ լուրեր պատրաստելիս լրագրողները հաճախ բավարար ժամանակ չեն ունենում փաստերը ստուգելու համար, խորապես չեն ուսումնասիրում թեման եւ այդ պատճառով ներկայացնում են ոչ ճշգրիտ փաստեր կամ հնացած տվյալներ։ Սա չի նշանակում, որ նրանք ցանկացել են մոլորեցնել ընթերցողին, այլ պարզապես ծուլացել են իրենց աշխատանքը պատշաճ կատարել։ Ամեն դեպքում լրագրողները նույնպես կարող են շփոթվել, կարեւոր է դրսեւորել բարեխղճություն եւ ժամանակին ուղղել ոչ միտումնավոր թույլ տված սխալները։

Նրանք, ովքեր ստեղծում են ապատեղեկատվություն, սովորաբար նախապես գիտեն, թե հասարակության որ շերտն է իրենց թիրախում։ Այն մարդիկ, որոնք հակված են հավատալու ցանկացած տեսակի տեղեկության, չունեն նախընտրած վստահելի լրատվամիջոցներ եւ, օրինակ, Ֆեյսբուքը ընկալում են որպես տեղեկության սկզբնաղբյուր, ապատեղեկատվության պոտենցիալ թիրախ են։ Շատ դեպքերում նույնիսկ էական չէ, թե որքան բարձր է անձի կրթական մակարդակը․ հաճախ է պատահում, երբ որեւէ ոլորտի պրոֆեսիոնալներ, ուսուցիչներ տարածում են դեզինֆորմացիա պարունակող բովանդակություն, հետեւաբար այստեղ էականը քննադատական մտածողության բացակայությունն է եւ ոչ թե կրթական ցենզը։

Պատերազմական իրավիճակում, սահմանային լարվածության պարագայում ապատեղեկատվությունը և չստուգված տեղեկատվությունը կարող են ծանր հետևանքներ ունենալ։

Վարդենիսի բնակիչներից մեկը ինքնասպանություն գործեց՝ լսելով որդու զոհվելու մասին լուրը։ Ինքնասպանությունից հետո տեղեկությունը հերքվեց։ Այս դեպքն ընդգծեց տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների ծանր հետևանքները:

Ռուսական մամուլի հրապարակումներց կարելի է գտնել նման վերտառությամբ հոդվածներ <<«Ամերիկացիները կարող են ստեղծել մանրէաբանական զենք», «Վրաստանը դիտավորյալ վարակում է մոծակներին ու վերջիններիս ուղարկում Ռուսաստան», «Հրապարակվել են վրացական լաբորատորիաներում զանգվածային մահացությունների մասին տվյալներ»:

Ո՛չ, սրանք ապոկալիպսիսի մասին հոլիվուդյան թրիլերից քաղված արտահայտություններ չեն, ինչպես կարող էիք կարծել: Սրանք հատվածներ են Թբիլիսիի արվարձաններում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան Հանրային առողջապահության հետազոտական կենտրոնի մասին ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Այս լաբորատորիան աշխատում է Վրաստանի և ԱՄՆ-ի գործընկերությամբ: Բայց կենտրոնի գործունեությունը, չգիտես ինչու, առավելապես մտահոգում է Ռուսաստանին, որն ապատեղեկատվության ու քարոզչության միջոցով պարզապես «ռմբակոծում է» լաբորատորիան:

«2018 թ.-ի սեպտեմբերին ամբողջ աշխարհը խոսում էր Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի տարածքում «Նովիչոկ» նյարդա-կաթվածային նյութի օգտագործման մասին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը խոսում էր Լուգարի լաբորատորիայի մասին՝ որպես մի վայրի, որտեղ ԱՄՆ-ն, իբրև թե, Ռուսաստանի Դաշնության դեմ կենսաբանական զենք էր պատրաստում», – պատմում է ԶԼՄ-ների զարգացման վրացական հիմնադրամի գիտաշխատող Սոպո Գելավան:

Եթե Google-ի կամ YouTube-ի որոնման վանդակում մուտքագրեք «Լուգարի լաբորատորիա» արտահայտությունը, ապա կտեսնեք, որ դրա վերաբերյալ ահաբեկող նորությունների մեծ մասը պատրաստվել են հենց ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից: Այդ առասպելները հաղթահարելու համար Լուգարի լաբորատորիան բացեց իր դռները և ցույց տվեց, թե ինչ է կատարվում ներսում:

«Լաբորատորիան ավելի շատ ռուս լրագրողների է ընդունել, քան՝ վրացի: Եվ նրանց թույլ տվեցին մուտք գործել բոլոր սենյակներ ու շենքեր», – ասում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պատա Իմնաձեն:

Բայց նույնիսկ լաբորատորիայի տարածքում անընդհատ կազմակերպվող բաց շրջագայությունները չօգնեցին, որպեսզի ռուսաստանյան քարոզչամիջոցները փոխեն իրենց տեղեկատվական օրակարգը: Օրինակ՝ ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը արհամարհանքով և անվստահությամբ նկարագրեց լաբորատորիայի կազմակերպած «բաց դռների օրը»:

Իհարկե, Լուգարի լաբորատորիայի մասին ռուսաստանյան ԶԼՄ-ների «ճչացող» հայտարարություններից և ոչ մեկը ճշմարիտ չէր, և դրանք բոլորը հերքվեցին առողջապահության ոլորտի մասնագետների կողմից: Բայց նրանք հասան ցանկալի արդյունքի. վրացիների 20%-ը վստահ է, որ լաբորատորիան նպաստում է համաճարակների տարածմանը: Ահա այսպես է աշխատում ապատեղեկատվությունը՝ հետճշմարտության դարաշրջանում>>:

Նյութը առաջացրել էր մասնակիցների մեծ  հետաքրքրությունը ,  դասընթացը ընթանում էր ինտերակտիվ քննարկման, բանախոսի և մասնակիցների հարցուպատասխանի, կարծիքների արտահայտման, բանավեճերի ձևաչափով։

Սեմինարների հաջորդ բաժինները ուղղված էին ծրագրի մասնակից երիտասարդների առաջարկած և պատրաստած նյութերի քննարկմանը։ Էֆեկտիվ դասընթացների և երիտասարդների նախաձեռնության շնորհիվ պատրաստվել են  իրավական, հասարակական, սոցիալական բնույթի  ավելի քան 30  հոդվածներ, ինչպես նաև արցախից բռնագաղթաց կանանց պատմություններ։

Կայքում հասանելի է նաև դասընթացի,  քննարկման   ամփոփ տեսագրությունը։

 

ՄԴՎ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարության կողմից

#CivilSocietyCooperation

 

 

 

ՄԴՎ թիմ