Дизайн без названия

Վարդանյան Ռիմայի պատմությունը՝ Հայաստանից Գերմանիա

Ողջույն, ես Ռիման եմ, 28 տարեկան մի էնտուզիաստ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից: Զբաղվում եմ լրագրությամբ, ստեղծագործում եմ, սիրում եմ ինձ հետաքրքրող թեմաների շուրջ հստակ կարծիք ունենալ և հայտնել, իսկ այդ հարցում ինձ օգնում են լրագրողական հմտությունները: Ապրելով աշխարհագրական և սոցիալ-տնտեսական առումով նաև, որոշակի հնարավորություններից զուրկ վայրում՝ ես բազմաթիվ խնդիրների եմ հանդիպել՝ կապված մարդու իրավունքների խախտման հետ, ինչն էլ դարձել է իմ՝ ստեղծագործելու հիմնական մոտիվացիան: Հայրս Արցախյան երկու պատերազմներին էլ մասնակցել է, և երկրորդ գլխավոր պատճառը, որ սկսել եմ գրել մարդու իրավունքների ոտնահարումների մասին, դա է: Գրում եմ հիմնականում արձակ ոճում, թեպետ մի քանի աշխատանքներ ունեմ նաև չափածոյում: Գրելը իմ ինքնադրսևորման միջոցներից մեկն է՝ ամենահաջողվածը նույնիսկ, որովհետև իմ հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է. գրքեր, սպորտ, մարկետինգ, մարդու իրավունքներ, պար և այլն: Կարծում եմ, որ սերը դեպի գրականությունն ու արվեստը, դեպի բնությունը ևս խթան են հանդիսացել գրել սկսելու համար:

Այժմ իմ երկրորդ մասնագիտական կրթությունն եմ ստանում իրավագիտության ոլորտում, ապագա իրավագետ եմ, առաջին մասնագիտությամբ էլ միջազգայնագետ եմ, բայց դրանք երբեք չեն խանգարել ինձ՝ լրագրողական գործունեություն ծավալելուն, ընդհակառակը՝ օգնել են մշտապես զարգացնելու քննադատական մտածողությունս ու երևույթներն ընկալելու տարբեր տեսանկյուններից:

2014 թվականից ի վեր, կամավորական ամենատարբեր աշխատանքներն եմ կատարել, հասարակական ակտիվ գործունեությամբ եմ զբաղվել և ներգրավված եղել տարբեր ծրագրերում: Մասնակցել եմ Էրազմուս+ ծրագրով տարբեր փոխանակման նախագծերի, սեմինարների: Հենց այդպիսի մի ծրագրին մասնակցելու համար լրացված հայտադիմումն էլ ինձ բերեց Գերմանիա։ ISHR կազմակերպության մասին իմացել եմ ֆեյսբուքի միջոցով։ Լրացնելով հայտադիմումը՝ ի ուրախություն ինձ, Բելլան, ISHR կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախագահը, ինձ հրավիրեց հարցազրույցի։ Ու այդպես էլ սկսվեց իմ ուղին։ Հայաստանում կազմակերպվեցին 3 սեմինարներ, որոնք նվիրված էին Մարդու իրավունքներին լրագրության ոլորտում, անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերին, խոսքի ազատությանը, լրագրողական կոռեկտությանը, ատելության խոսքի չտարածմանը, ապատեղեկատվությունից զերծ մնալուն և այլն։ Կուրսը հաջողությամբ անցնելուց հետո առաջարկ ստացա ծրագրի երկրորդ մասին մասնակցելու եվ ահա ես արդեն Գերմանիայում եմ, ISHR կազմակերպության գլխավոր գրասենյակում և անցնում եմ պրակտիկա։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ եկել եմ և հիանալի օրեր եմ անցկացնում։ Առիթ ունեմ շփվելու ու աշխատելու պրոֆեսիոնալների հետ։ Դեռ առջևում մի ամիս կա, ուստի սպասեք ֆիդբեքի իմ կողմից, երբ ամբողջ պրակտիկան կանցնեմ։

 

#CivilSocietyCooperation

Thumbnail Logo Opr Amt